Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմին նրանց արձագանքի համար՝ հաղորդում է Ynet-ը։ «Եվրոպան ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այլև չկարողացավ օգնել պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Անկասկած, սա Եվրոպայի ամենաայլանդակ ժամն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։               
 

Ինչպես տեսնել, բայց չնկատել, կամ հարցեր, որոնք սպառված չեն ո´չ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, ո´չ էլ ՀՑԹԻ աշխատակազմի համար

Ինչպես տեսնել, բայց չնկատել, կամ հարցեր, որոնք սպառված չեն ո´չ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, ո´չ էլ ՀՑԹԻ աշխատակազմի համար
18.03.2026 | 14:36

Երեկ ՀՑԹԻ աշխատակազմը հանդիպել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ՝ հաստատության հետագա գործունեության հետ կապված պարզաբանումներ ստանալու համար: Ինչու՞ ՀՑԹԻ գիտաշխատողները հայտնվեցին ստորին կարգի խնդրողների դերում և ինչու՞ իրենց այդ խնդրագրերն ու հանդիպումները ոչ մի արդյունք չեն տա:

ՀՑԹԻ աշխատակազմի կարծիքը ոչ մի պաշտոնյա հաշվի չի առնի, քանզի,

ա. ՀՑԹԻ գիտաշխատողները, կամ նրանց շարքից առավել տեղյակները, երբեք ու ոչ մի պարագայում չբարձրաձայնեցին ՀՑԹԻ անվան տակ ու ներսում արձանագրված մի շարք հանցագործությունների մասին, որոնց շուրջ բարձրաձայնում եմ 2018 թվականից: Նրանք ոչ միայն գերադասեցին լռել, այլև հանրային գրառումներով ու դատական հայցադիմումներով թիրախավորեցին հենց ինձ՝ այդ կերպ փորձելով հաճոյանալ հակասահմանադրական ճանապարհով իշխանության բերված ներկա վարչախմբին:

բ. ՀՑԹԻ գիտաշխատողները, այդպես էլ «չհասկացան», որ հաստատության տնօրեն ընտրող Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրված են հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող անձինք, ինչպես նաև հայ-թուրքական հաշտեցման նախաձեռնություններում տարբեր դրամաշնորհներով ներքաշված վայ-գիտնականներ, այդ թվում՝ ՀՑԹԻ տնօրեն նշանակված Հարություն Մարությանը, Հրանուշ Խառատյանը և Հոգաբարձուների խորհրդի նախագահ պատմաբան Ռայմոնդ Գևորգյանը, ով տարվա ընթացքում ավելի շատ Ստամբուլ է այցելում, քան Երևան: «Չտեսան» ու «չնկատեցին», որ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի մեջ ներգրավված է եղել նաև 2018 թվականին ՀՑԹԻ տնօրենի առանձնասենյակ ներխուժած ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Արդյո՞ք ՀՑԹԻ գիտաշխատողների համար դժվար էր համադրել այս ամենն ու գալ միակ անհերքելի եզրակացության: Ոչ, դժվար չէր, ուղղակի ցանկալի չի եղել անհարմար իրավիճակ ստեղծել: ՀՑԹԻ ուղղակի տրվել է վերահսկողության այն ուժերին, ովքեր ակտիվորեն ներգրավված են եղել հայ-թուրքական նախաձեռնություններում և որոնց համար առաջնահերթ խնդիր է եղել վերահսկողություն հաստատել ՀՑԹԻ գործունեության վրա՝ լոյալ ու հնազանդ տնօրեններ ունենալու եղանակով: Հենց այս պատճառով ես անցանկալի անձ դիտվեցի թանգարանում և որպես նախկին տնօրեն առաջարկություն չեղավ աշխատել, ասենք, բաժնի վարիչ կամ տնօրենի խորհրդական, ինչպես դա ընդունված էր այլ հաստատություններում: Իմ բնավորությունն ու բոլոր «անցանկալի» հարցերի բարձրաձայնելու կարողությունը շատ լավ գիտեին ՀՑԹԻ նկատմամբ վերահսկողություն հաստատողները և հենց այդ պատճառով էլ հրահրեցին արհեստական սկանդալ՝ ինձ ՀՑԹԻ-ից մեկուսացնելու համար… ՀՑԹԻ աշխատակազմը գերադասեց լռել այս դրվագով…

գ. ՀՑԹԻ աշխատակազմը «չնկատեց», որ ի դեմս Հրանուշ Խառատյանի ու Հարություն Մարությանի գործ ունենք նաև «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը հենց ՀՀ ներսում տարածող ու քարոզող անձանց հետ, որոնց հակապետական գործունեության արդյունքը նկատելի է ադրբեջանական հակահայկական տեսանյութերում, որոնք վաղուց հրապարակվել ու հանրայնացվել են:

դ. ՀՑԹԻ աշխատակազմը, այդ թվում նախկին տնօրեն Էդիտա Գզոյանն ու նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ակտիվորեն լծվեցին իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության հուշահամալիրի դեմ իրականացված վանդալիստական գործողությունների արդարացմանը, այնինչ պարզից էլ պարզ է, որ վերանորոգման պատրվակի տան անվերականգնելի վնաս է հասցվել հանրապետական նշանակության հուշարձանին՝ ոչնչացնելով դրա պատմական մասերը: Ինչպես տեսնում ենք, այդ հավատարմությունը լիուլի «գնահատվեց» հղփացած ու ստախոս չինովնիկների կողմից, քանի որ դուք այդպես էլ չգիտակցեցիք, որ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում աշխատողն ինչ որ տեղ պահանջողի դերով պետք է հանդես գա, այլ ոչ թե խնդրողի, քանի որ ամեն մեկը չէ, որ կկարողանա հոգեբանական այդ ծանր բեռի տակ մտնել ու աշխատել այդ թեմայի շուրջ՝ ամենօրյա սկզբունքով: Դուք տապալեցիք այդ կարևոր գիտակցումը, որը սեփական աշխատանքի, ակադեմիական ազատության ու զոհերի հիշատակը մշտապես ոգեկոչելու հրամայականների վրա էին խարսխված: Դուք ընդամենը ներկայացաք որպես իշխանություններից աշխատավարձ ստացողներ ու ենթակա կերպարներ և հենց այդ պատճառով վարվեցին ու հետայսու կվարվեն այնպես, ինչպես կցանկանան:

Եվ վերջապես ամենակարևորի մասին: ՀՑԹԻ աշխատակազմը գերադասեց լռել Նիկոլ Փաշինյանի ու որոշ քպականների կողմից Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտող ու զոհերի հիշատակը պղծող հայտարարությունների կապակցությամբ: Ուղղակի լռեցին, առանց բողոքի նամակի ու ցույցերի: Հենց այդ լռության պատճառով է, որ այսօր Ժաննա Անդրեասյանը ձեր մասին խոսում է հենց այդպես:

Իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից որերորդ անգամ պահանջում եմ նույնը. հաշվի առնելով, որ ՀՑԹԻ նոր տնօրեն է նշանակվել Հրաչյա Թաշչյանը, պահանջում եմ կազմել հաստատության ֆինանսների ու գիտական ֆոնդերի ընդունման-հանձման հանձնաժողով, որում ներգրավված կլինեմ նաև ես՝ ՀՑԹԻ նախկին տնօրենի կարգավիճակով և հանրության այդ աշխատանքների մասին մշտապես իրազեկելու հրամայականից ելնելով: Այդպիսի հանձնաժողով չկազմելը կդիտվի որպես հակաօրինական գործունեություն՝ հատկապես հափշտակությունների դրվագով 2021 թվականի հարուցված քրեական գործի պայմաններում:

Այդպիսի հանձնաժողովի ստեղծումն անհրաժեշտություն է հենց Հրաչյա Թաշչյանի համար՝ իր իսկ աշխատանքային անվտանգության համար: Դե իսկ նախարար Ժաննա Անդրեասյանին կրկին ու կրկին հորդորում եմ աչք չփակել աղաղակող ու անհերքելի այն հանցագործությունների նկատմամբ, որոնք հետևողականորեն կոծկվել են իր նախորդների ու մինչ օրս նաև հենց իր կողմից:

Հայկ Դեմոյան

Դիտվել է՝ 149

Մեկնաբանություններ

"footer-middle">